«Սիթիի» երկրպագուների 30%-ը հրաժարվել է «Արսենալ»-«Սիթի» խաղի տոմս գնել 62 ֆունտ ստերլինգով:
Ինչպես հայտնի է, կիրակի օրը Լոնդոնում լինելու է բավականին հետաքրքիր հանդիպում, իսկ հյուրերի երկրպագուներին հատկացվել է 3000 տեղ:
Սակայն «քաղաքայիններին» չի հաջողվել իրացնել այդքան տոմս: Նրանք հետ են վերադարձրել 912 տոմս, որը դրվել է վաճառքի 62 ֆունտ ստերլինգով:
Հենց այս բարձր գինն էլ պատճառն է տոմսերի չվաճառվելու: «Էմիրեյթսն» այն մարզադաշտն է, որի տոմսերը ամենաթանկերից են Եվրոպայում: Անցած մրցաշրջանում «զինագործների» երկրպագուները խնդրում էին ակումբի ղեկավարությանը իջեցնել գները: Այժմ «Սիթիի» երկրպագուներն էլ համոզվեցին, որ դրանք շատ թանկ են:
-Սա մեկ անգամ ևս ապացուցում է, որ ֆուտբոլային ակումբները հեռու են իրականությունից: Եթե «Սիթիի» երկրպագուն մեկնի Լոնդոն ավտոբուսով, նա կվատնի 120-130 ֆունտ ճանապարհածախսի, տոմսի, ուտելիքի և խմիչքի վրա,- նշել է «Մանչեսթեր Սիթիի» ֆան ակումբի գլխավոր ներկայացուցիչ Քևին Պարկերը: The Guardian