«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է իր ուշադրությունը հրավիրել «ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբահիմովիչի վրա, եթե չկարողանա ձեռք բերել «Նապոլիի» ֆուտբոլիստ Էդինսոն Կավանիին:
Ակնհայտ է, որ «քաղաքայինների» հարձակման գիծն ուժեղացման կարիք ունի: Ձմռանն ակումբից հեռացավ Մարիո Բալոտելլին: Բացի այդ մեծ կասկածներ կան Էդին Ջեկոյի հետ կապված:
«Սիթիի» առաջնային նպատակն այս ամռանը լինելու է ուրուգվայցի Կավանին, որին շատ է ցանկանում ձեռք բերել ակումբի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին: Մինչդեռ գոյություն ունեն այլ տարբերակներ ևս:
Ինչպես հայտնում է Goal պարբերականը, «Սիթիի» սպորտային տնօրեն Չիկի Բեգիրիստայնը արդեն հանդիպել է Զլատանի գործակալ Մինո Ռայոլի հետ և քննարկել խաղացողի ապագայի հարցը: Վերջերս անձամբ 31-ամյա ֆուտբոլիստը հրապարակավ հայտնեց, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ «ՊՍԺ»-ից:
Հարկ է նշել, որ Ռոբերտո Մանչինին «Ինտերում» աշխատել է Իբրահիմովիչի հետ: Բեգիրիստայնը, ինչպես և «Սիթիի» գլխավոր մարզիչը, Զլատանի երկրպագուն է: 2009 թվականին Չիկին քիչ էր մնում «Բարսելոնա» բերեր շվեդ ֆուտբոլիստին: