«Մանչեսթեր սիթին» առայժմ չի մտածում գլխավոր մարզչի պաշտոնի համար Յուրգեն Կլոպին հրավիրելու մասին:
Չորեքշաբթի օրը մամլո ասուլիսի ժամանակ Կլոպը հայտնեց, որ մրցաշրջանի ավարտին կհեռանա «Բորուսիայից»: Յուրգենը նաև հայտնեց, որ չի պատրաստվում հանգստանալ և հուսով է, որ արագ նոր աշխատանք կգտնի:
47-ամյա գերմանացու հայտարարությունից հետո բուքմեյքերները խաղադրույքներ ընդունեցին նրա հաջորդ ակումբի հետ կապված, որտեղ ֆավորիտը համարվում է «Մանչեսթեր Սիթին»: Մանուել Պելեգրինիի գլխավորությամբ «Սիթին» այժմ զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի 4-րդ հորիզոնականը:
Սակայն անգլիական մի շարք լրատվականներ, ինչպիսիք են Sky Sports-ը և The Guardian-ը, վստահ են, որ «քաղաքայինները» չեն դիտարկում Կլոպին հրավիրելու տարբերակը:
Հաղորդվում է, որ «Սիթիի» նպատակը «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան է, ով ազատ կլինի 2016թ-ի ամառվանից ոչ շուտ: Գվարդիոլան լավ հարաբերություններ ունի «Սիթիի» սպորտային տնօրեն Չիկի Բեգիրիստայնի հետ, և նա առաջինը կիմանա, եթե «Բարսելոնայում» իր նախկին կոլեգան որոշի հեռանալ Մյունխենից:
Բացի այդ, «Աստոն Վիլլայի» նախկին մարզիչ և «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստ Պոլ Լամբերտը վստահ է, որ իր ընկեր Յուրգենը կարիերայի շարունակության համար չի ընտրի Անգլիան: