«Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել «Ռենի» եզրային հարձակվող Ժերեմի Դոկուին 55,5 միլիոն ֆունտով:
Դոկուն հինգ տարվա պայմանագիր է կնքել «Սիթիի» հետ և երրորդ նորեկն է այս տրանսֆերային պատուհանում՝ պաշտպան Յոշկո Գվարդիոլից և կիսապաշտպան Մատեո Կովաչիչից հետո։
21 ամյա բելգիացուն հրավիրելը կօգնի «Սիթիին» լրացնել Ռիյադ Մահրեզի Սաուդյան Արաբիա մեկնելու պատճառով առաջացած բացը:
Կարողանալով խաղալ երկու եզրերում՝ Դոկուն կկրի 11 համարը Պրեմիեր լիգայի չեմպիոնների կազմում:
Ժերեմին, ում ծառայություններով հետաքրքրված էին նաև «Չելսին», «Տոտտենհեմը» և «Վեստ Հեմը», իր կարիերան սկսել է «Անդերլեխտում», որտեղից 2020 թվականին մեկնել է «Ռեն»։
«Ռենում» անցկացրած երեք մրցաշրջաններում Դոկուն մասնակցել է 92 խաղի՝ խփեով 12 գոլ և կատարել 10 արդյունավետ փոխանցում։ Ժերեմին հատկապես հաջող հանդես եկավ անցած մրցաշրջանում, որտեղ մասնակցած 35 հանդիպումներում նա 7 անգամ դարձավ գոլի հեղինակ։
Դոկուն Բելգիայի հավաքականի կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ մասնակցելով Եվրո-2020-ին և ԱԱ 2022-ին։
«Սա հիանալի օր է ինձ համար թե՛ անձնական, թե՛ մասնագիտական առումով։ «Մանչեսթեր Սիթին» համաշխարհային ֆուտբոլի լավագույն թիմն է, ուստի նրանց կազմ տեղափոխվելը շատ յուրահատուկ բան է ինձ և իմ ընտանիքի համար»:
«Ես երիտասարդ խաղացող եմ, որը շատ բան ունի սովորելու և կատարելագործելու: Պեպի և նրա անձնակազմի հետ աշխատելը և համաշխարհային կարգի այս խաղացողների հետ խաղալն ինձ շատ ավելի լավ ֆուտբոլիստ կդարձնի: Ես համոզված եմ դրանում»:
«Անցած մրցաշրջանում «Սիթիին» դիտելը զարմանալի էր: Տրեբլ նվաճելը ֆուտբոլում ամենադժվար բաներից է, և նրանք դա արեցին: Դուք պատկերացում չունեք, թե որքան ոգևորված եմ այս թիմին միանալու կապակցությամբ»:
«Չեմ համբերում սկսելու համար: Հուսով եմ, որ կկարողանամ ուրախացնել երկրպագուներին»,- ասել է Դոկուն: