«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը զգուշացրել է երկրպագուներին, որ նրանք չպետք է թիմից ակնկալեն նման հաջողություն յուրաքանչյուր մրցարջանում:
Ընթացիկ մրցաշրջանում «Սուոնսին» նվաճել է Լիգայի գավաթը, որի շնորհիվ Եվրոպա Լիգայի ուղեգիր է ստացել: Մինչդեռ Լաուդրուպը նախօրոք զգուշացնում է երկրպագուներին, որ նման բան չի պատահելու ամեն տարի:
-«Սուոնսիի» նման ակումբից անհնար է տիտղոս ակնկալել յուրաքանչյուր 2, 4 կամ 6 տարին մեկ անգամ: Կարդացել եմ, որ «Արսենալը» տիտղոս չի նվաճել 8 տարի: Դևիդ Մոյեսը մշտապես ավարտում է Պրեմիեր Լիգան լավագույն տասնյակում, սակայն «Էվերթոնը» դեռ ոչ մի տիտղոս չի նվաճել:
Արդեն ասել եմ խաղացողներին, ղեկավարությանն ու նախագահին, որ անհնար կլինի ևս մեկ տիտղոս նվաճելը: Կարևորը խուսափել դուրս մնալուց: Երբ մարդիկ փորձում են հաջողության համը, դա նրանց դուր է գալիս: Նրանք չեն ցանկանում կանգ առնել, և դա շատ դժվար է: Սա հաջողության հակառակ կողմն է:
Մամուլն ու երկրպագուները ակնալիքներ ունեն: Մեզ համար բարդ է լինելու, սակայն մենք պետք է իրատես լինենք: Մենք չենք կարող շատ բարձր թռչել և շատ ցածր ընկնել: Մենք պետք է շարունակենք աշխատել թիմի և այն խաղացողների վրա, որոնք կգան մեզ մոտ,- հայտնել է Լաուդրուպը: Daily Mirror