«Սուոնսիի» գլխավոր մարզիչ Միքայել Լաուդրուպը խոստովանել է, որ այս ամառ մերժել է մի քանի «մեծ ակումբների» առաջարկներ, որպեսզի մնա «Լիբերթիում»:
Անցած ամառ «Սուոնսին» գլխավորելուց հետո Լաուդրուպը ոչ միայն պահպանեց թիմի վառ խաղաոճը, այլև բարելավեց այն: Դրան զուգահեռ «կարապներին» հաջողվեց Լիգայի գավաթը նվաճել և դրա հետ միասին Եվրոպա Լիգայի ուղեգիր ստանալ:
Վերջին ամիսներին մամուլում լուրեր էին շրջանառվում, որ Լաուդրուպը կարող է «Սուոնսին» փոխարինել ավելի բարձրակարգ ակումբով, օրինակ «Ռեալ Մադրիդով»: Այդպիսի հնարավորություններ Միքայելն իսկապես ունեցել է:
-Այո, եղել են ակումբներ, անգամ բավական հզոր ակումբներ, որոնք հետաքրքրվել են իմ ծառայություններով, բայց ոչ ավելին: Ինչպես բազմիցս նշել եմ, ես ցանկանում եմ մնալ. ես չեմ պատրաստվում փախչել:
Նորմալ է, որ այդպիսի հաջող մրցաշրջանից հետո մեծ ուշադրություն եղավ դեպի մեր կողմը: Բայց դրանք հեռուն չգնացին: Ես ոչ ոքի հետ չէի պատրաստվում խոսել, քանի որ ցանկանում էի այստեղ մնալ,- Wales Online-ի հետ հարցազրույցում հայտնել է Լաուդրուպը: