«Լիվերպուլի» հարձակվող Ֆաբիո Բորինին ամենայն հավանականությամբ բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: Կասկածներ կան, որ նա դուրս է գցել ուսը:
21-ամյա իտալացին այս վնասվածքն ստացել է կիրակի օրը կայացած «Սուոնսիի» դեմ խաղի ժամանակ, որում մերսիսայդյան ակումբը հաղթեց 5:0 հաշվով:
Բորինին դաշտ դուրս եկավ երկրորդ խաղակեսին, սակայն ընդամենը 8 րոպե անց վնասվածք ստացավ՝ բախվելով մրցակցի պաշտպան Կայլ Բարթլիին: Ֆաբիոն անմիջապես հեռացավ դաշտից՝ թիմին թողնելով 10 ֆուտբոլիստներով խաղի վերջնամասում: Տանտերերն արդեն կատարել էին երեք փոփոխությունները:
Խաղից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնեց, որ իտալացին հավանաբար արդեն դաշտ դուրս չի գա այս մրցաշրջանում:
-Կարծում եմ՝ նա բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը: Ֆաբիոյի բախտը չբերեց, քանի որ նախկինում արդեն նման վնասվածք ստացել էր, իհարկե, մյուս ուսի: Սա նման է նախկին վնասվածքին, սակայն այժմ դեռ վաղ է վերջնական ախտորոշում տալու համար: Սա մեծ վիշտ է:
Նա դաշտ դուրս եկավ վերջին 15 րոպեներին և հիանալի էր շարժվում: Նա շատ էր աշխատում, և փորձելով ընդհատել հարձակվողի փոխանցումը՝ վնասվածք ստացավ,- հայտնել է Ռոջերսը: Sky Sports