«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ցանկանում է կրկին աշխատել «Լիվերպուլի» դարպասապահ Պեպե Ռեյնայի հետ:
Այս ամռանը «կարմիրները» 9 մլն ֆունտ ծախսեցին «Սանդերլենդի» դարպասապահ Սիմոն Մինյոլեին գնելու համար: Սակայն մինչև այս տրանսֆերն էլ խոսակցություններ կային, որ «Էնֆիլդում» Ռեյնայի ապագան հարցականի տակ է:
Ռեյնայի անունը կապվում էր «Բարսելոնայի» հետ մինչև այն պահը, երբ հայտնի դարձավ, որ Վիկտոր Վալդեսը որոշել է ևս մեկ տարի մնալ «Նոու Կամպում»: Այժմ 30-ամյա իսպանացու համար պատրաստվում է առաջարկություն անել իտալական «Նապոլին»:
Ինչպես հաղորդում է The Times-ը, Բենիտեսի ընտրությունը կանգնեց Ռեյնայի վրա: Իսպանացի մարզիչը, մինչ այս, «ՔՊՌ»-ի դարպասապահ Ժուլիո Սեզարին գնելու անհաջող փորձ էր կատարել: Եթե անգամ «Նապոլին» Ռեյնային չկարողանա առաջարկել շաբաթական 100 հզր ֆունտ աշխատավարձը, որը վաստակում է «Լիվերպուլում», ապա փոխարենը կառաջարկի Չեմպիոնների Լիգայի մասնակցություն և հիմնական կազմում խաղալու հնարավորություն: