«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Գարի Նևիլը կարծում է, որ «Բրենտֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայան կլինի «կարմիր սատանաների» դարպասապահ Դավիդ Դե Խեայի կատարյալ փոխարինողը:
Ինչպես գիտեք, Դե Խեան դեռ չի երկարաձգել մրցաշրջանի ավարտին ավարտվող պայմանագիրը, և ամռանը նա կարող է հեռանալ «Յունայթեդից» ազատ գործակալի իրավունքով։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ակումբը պատրաստ է Դավիդին պահել միայն այն դեպքում, եթե վերջինս համաձայնի աշխատավարձի զգալի կրճատման գնալ։
Մեծ հավանականություն կա, որ «Յունայթեդը» շուտով ստիպված կլինի նոր առաջին համար փնտրել, և Նևիլը կարծում է, որ 27 ամյա Ռայան կարող է փոխարինել իր հայրենակցին «սատանաների» դարպասում:
«Կարծում եմ՝ ամռանը Ռայային կհետաքրքրի «Յունայթեդը»: Ես մի քանի շաբաթ առաջ գնացի «Բրենտֆորդ»… Կարծում եմ, որ նա հասանելի կլինի տրանսֆերի համար, նրան ընդամենը մեկ տարի է մնացել (պայմանագրի ժամկետին): Կարծում եմ՝ նա պատրաստ է գնալ ավելի մեծ ակումբ»:
«Ինչպես ասացի, «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ լինելը անգլիական ֆուտբոլի ամենադժվար դիրքն է: Ես իսկապես հավատում եմ նրան»:
«Երկրորդ ամենադժվարը «Լիվերպուլի» առաջին համարն է: Ես չեմ ուզում անարգանք ցուցաբերել մնացած բոլոր ակումբների նկատմամբ, բայց սխալի դեպքում «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահն ավելի մեծ ճնշման տակ կհայտնվի, քան անգլիական ֆուտբոլի ցանկացած այլ դարպասապահ»:
«Դժվար է: Ես տեսել եմ տղաների, ովքեր դրա հետ խնդիրներ ունեն: Եվ դա է առանձնահատկությունը: Հարցն այն է, թե արդյոք նոր դարպասապահը կարող է դիմակայել դրան», – ասել է Նևիլը YouTube-ի իր ալիքում: