Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչում այսօր «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունել էր գործող գավաթակիր «Ուիգան Ատլետիկին»:
Այս երկու ակումբները հանդիպել էին նաև Անգլիայի գավաթի նախորդ տարվա խաղարկության եզրափակչում, որտեղ «Ուիգանն» անակնկալ հաղթանակ էր տարել «քաղաքայինների» նկատմամբ՝ նվաճելով գավաթ: Այս անգամ էլ «Ուիգանը» հրաշք գործեց «Էթիհադում»:
Առաջին խաղակեսի 27-րդ րոպեին հյուրերի եզակի գրոհներից մեկի ժամանակ Մարտին Դեմիկելիսը վտանգավոր գործեց տուգանային հրապարակում՝ սեփական թիմի դարպասին 11 մետրանոց բերելով, որը վստահ իրացրեց Խորդի Գոմեսը:
«Ուիգանը» չբավարարվեց ձեռ բերածով և արդեն 2-րդ խաղակեսի 2-րդ րոպեին կրկնապատկեց առավելությունը: Գոլն էլ իր հաշվին գրանցեց «Նյուքասլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմս Պերչը: Մանուել Պելեգրինիի սաներին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը, սակայն ավելին անել նրանք չակորողացան:
«Ուիգանը» հաղթեց 1:2 հաշվով և դուրս եկավ 1/2 եզրափակիչ, որտեղ կմրցի «Արսենալի» հետ:
Գոլեր. Գոմես՝ 27ր (11մ), Պերչ՝ 47ր, Նասրի՝ 68ր: