«Արսենալի» կիսապաշտպան Թոմաս Պարտին մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի առնվազն վեց շաբաթ:
Պարտին վնասվածքը ստացել է հինգշաբթի օրը «Արսենալի» մարզման ժամանակ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հաղթական խաղից մի քանի օր առաջ:
Կիրակի օրը «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտարարել էր, որ Գանայի հավաքականի 30 ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի միայն «մի քանի շաբաթ» և կվերադառնա միջազգային ընդմիջումից հետո:
Արտետան անմիջապես լրացրեց, որ Պարտին դեռ պետք է լրացուցիչ բժշկական թեստեր անցնի, որոնք այժմ իրականացվել են և պարզվել է, որ Թոմասին ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ ապաքինման համար:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Պարտիի վնասվածքը աճուկի և ազդրի վնասվածքների համակցություն է: «Արսենալի» բժշկական շտաբը ակնկալում է, որ Պարտին բաց կթողնի նվազագույնը վեց շաբաթ:
Պարտիի նախկին վնասվածքի պատմությունը կարող է ստիպել «Արսենալին» ավելի զգույշ մոտեցում ցուցաբերել և երկարացնել Թոմասի ապաքինումը, սակայն «զինագործները» դեռ հույս ունեն հոկտեմբերին ոտքի կանգնեցնել «Ատլետիկի» նախկին խաղացողին:
Այսպիսով, Պարտին բաց կթողնի Պրեմիեր լիգայի հանդիպումները «Էվերթոնի», «Տոտտենհեմի», «Բորնմուտի» և «Մանչեսթեր Սիթիի», ինչպես նաև Չեմպիոնների լիգայի «ՊՍՎ»-ի և «Լանսի» դեմ հանդիպումները։