«Լիվերպուլի» վետերան Ջեյմի Կարագերը ոգևորված վերջին հաղթանակով հույս է հայտնել, որ այն կբարձրացնի թիմի մարտական ոգին և իրենք կկարողանան պայքարել լավագույն քառյակի համար:
Չնայած շաբաթ օրվա «Ուիգանի» հանդեպ տարած ջախջախիչ հաղթանակին, «Լիվերպուլը» շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակի երկրորդ հատվածում:
Սակայն 34-ամյա Կարագերը վստահ է, որ իրենց մրցակիցները դեռ միավորներ կկորցնեն և «Լիվերպուլը» լավ հնարավորություն կստանա պայքարել լավագույն քառյակի համար:
-Թիմերը մշտապես միավորներ են կորցնում: Մենք լավագույն տարբերակով չսկսեցինք մրցաշրջանը, սակայն երեկվա հաղթանակը ցույց տվեց, որ մեր թիմը կարող է պայքարել բարձր հորիզոնականների համար:
Մեր նպատակն է հաղթել յուրաքանչյուր խաղում և միանալ առաջատարներին: Հիմա իրավիճակը այնպիսին է, որ մեզնից բարձր գտնվող ակումբները միավորներ են կորցնում: Ուստի միանգամայն իրատեսական է լավագույն քառյակում հայտնվելը: