«Սաութհեմպտոնի» կիսապաշտպան Գաստոն Ռամիրեսի գործակալը խոստովանել է, որ չի բացառում իր հաճախորդի տեղափոխությունը Միլանի «Ինտեր»:
Օրերս լուրեր էին հայտնվել այն մասին, որ մեկ տարի Անգլիայում անցկացնելուց հետո, Ռամիրեսը կարող է վերադառնալ Ա Սերիա: Սակայն ֆուտբոլիստն «Ինտերի» հետաքրքրության մասին դեռևս տեղյակ չէ:
-Ես անձամբ չեմ շփվել «Ինտերից» որևէ մեկի հետ, բայց ակումբները կարող են բանակցել միմյանց հետ: Հնարավո՞ր է տեղափոխությունը: Ես վստահ եմ, որ ամեն ինչ էլ հնարավոր է, եթե դրա համար կա գումար: Ռամիրեսի համար անգլիական ակումբը շատ զոհողությունների է գնացել, այդ պատճառով էլ, եթե նա դուր է գալիս «Ինտերին», ապա իտալական ակումբը պետք է մեծ գումար վճարի նրա համար:
-Իտալիան Ռամիրեսի սրտում է, սակայն ես չեմ սիրում խոսել այն բաների մասին, որոնք հեռու են հստակությունից: Եթե առաջարկ լինի, մենք այն կքննարկենք,- Ilsussidiario-ի հետ հարցազրույցում հայտնել է գործակալ Պաբլո Բետանկուրը: