Պրեմիեր Լիգայի շրջանակներում չորեքշաբթի օրը կայանալիք «Արսենալի» հետ խաղից առաջ «Լիվերպուլի» միանգամից երեք առաջատար ֆուտբոլիստներ խոստանում են ապաքինված լինել: Նրանք են դարպասապահ Պեպե Ռեյնան և եզրային պաշտպաններ Գլեն Ջոնսոնը և Խոսե Էնրիկեն:
Հիշեցնենք, որ Էնրիկեն 2013 թվականին դեռ դաշտ դուրս չի եկել: Դեկտեմբերի 30-ին կայացած «ՔՊՌ»-«Լիվերպուլ» խաղում (0:3) Էնրիկեն վնասեց ծնկատակի ջիլը: Ռեյնան բաց է թողել վերջին երկու հանդիպումները քթի կոտրվածքի և ազդրի վնասվածքի պատճառով, իսկ Ջոնսոնը չկարողացավ օգնել իր թիմին «Օլդհեմի» հետ խաղի ժամանակ ծնկատակի ջիլի վնասվածքի պատճառով:
Սակայն այս երեք խաղացողներն էլ սկսել են մարզվել և թիմի հետ կմեկնեն Լոնդոն: Սա շատ կարևոր խաղ է «մերսիսայդցիների» համար, քանի որ հաղթանակի դեպքում միավորներով կհավասարվեն «Արսենալին»:
-Մեր ֆուտբոլիստները դաշտ են վերադառնում, և դա լավ է: Գլեն Ջոնսոնը վերադարձել է, Խոսե Էնրիկեն վերադառնում է և Պեպե Ռեյնան նունպես վերադառնում է: Մենք կմեկնենք այնտեղ ուժեղ կազմով և ուժեղ ցանկությամբ հաղթանակի հասնելու համար,- հայտնել է թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը: ESPN