Իսպանիայի հավաքականի դարպասապահ Պեպե Ռեյնան իր հիասթափությունն է արտահայտել, թե ինչպես է «Լիվերպուլն» իր հետ վարվել տրանսֆերը «Նապոլիի» հետ համաձայնեցնելով:
Արդեն հայտնի է, որ 30-ամյա իսպանացին հաջորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա «Նապոլիում», և միայն մնում է սպասել գործարքի պաշտոնական հաստատմանը:
-Եթե ես ինչ-որ բանի մասին պետք է խոսեմ, ապա կխոսեմ այն մասին, թե ինչպես եմ հեռանում: Ակնհայտ է, որ ես տխրեցի, երբ «Լիվերպուլը» համաձայնեց ինձ վարձավճարով «Նապոլի» ուղարկել` նախապես ինձ չզգուշացնելով:
Ես կարծում էի, որ լավագույն վերաբերմունքին եմ արժանի, բայց միևնույն ժամանակ ես հասկանում եմ, որ ֆուտբոլում բարդ որոշումներ են կայացվում: Շատ խոսվեց այն մասին, որ ես ցանկացել էի քննարկել «Բարսելոնայի» առաջարկը, եթե նման առաջարկ եղել էր: Դրա հետ մեկտեղ ես խոսել էի ակումբի ղեկավարների հետ պայմանագրի երկարաձգման մասին:
Ես ասացի մարզչին, որ ցանկանում եմ խաղալ «Լիվերպուլում», իսկ «Բարսելոնան» ինձ համար տարբերակ կլինի, եթե հստակ առաջարկություն լինի: Ինչպես տարբեր լուրեր էին նշում, դա ինձ համար կլիներ վերադարձ դեպի տուն:
Երբ առաջարկ չստացվեց, ես երջանիկ էի, որ պայքարելու եմ թիմում իմ տեղի համար, սակայն ինձ զարմացրեց այն, որ «Լիվերպուլն» ինքնուրույն կայացրեց որոշումը` ինձ ուղարկելով «Նապոլի»,- իր անձնական կայքի հետ հարցազրույցում հայտնել է Ռեյնան: