«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը կարծում է, որ գավաթային մրցաշարերում հաջող հանդես գալու համար իրեն ավելի շատ պահեստային ֆուտբոլիստներ պետք կլինեն:
Հյուսիսիռլանդացու կարծիքով, մասնավորապես կազմի ոչ բավարար համալրվածությունը որոշիչ դեր խաղաց, որ «կարմիրները» արդեն վաղ փուլերում կորցրեցին շանսերն Անգլիայի և Լիգայի գավաթների խաղարկություններում: Մինչև մրցաշրջանի մեկնարկը Ռոջերսը պատրաստվում է լուծել այս խնդիրը:
-Այս անգամ, իհարկե, մենք ավելի մեծ ուշադրություն կդարձնենք գավաթների խաղարկություններին. մենք մեծ թիմ կունենանք դրա համար:
Անցած տարի մենք մեր երիտասարդ ֆուտբոլիստներին էինք օգտագործում այդ խաղերի համար: Ակնհայտ է, որ ձմռանը մեզ մոտ տեղափոխված ֆուտբոլիստները մեր խաղի որակը բարձրացրեցին, և պատահական չէ, որ այդ շրջանում մենք լավ առաջընթաց ունեցանք:
Ես չափազանց մեծ թիմ չեմ ուզում, մենք ուզում ենք ամուր թիմ ունենալ`17-18 խաղացողներից կազմված հիմքով, որտեղ յուրաքանչյուր խաղացող պետք է զգա, որ պետք է խաղա և աջակցի երիտասարդ տաղանդներին,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Goal-ը:
Հավելենք, որ ամռանը «Լիվերպուլը» համալրել է իր կազմը «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Կոլո Տուրեյով, և պատրաստվում է հայտարարել «Սելտայի» հարձակվող Յագո Ասպասի ձեռքբերման մասին: