«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ Սիմոն Մինյոլեն կմիանա իր թիմին որպես Պեպե Ռեյնային մրցակից:
Ինչպես հայտնի է, «Լիվերպուլին» և «Սանդերլենդին» հաջողվել է համաձայնության գալ Բելգիայի ազգային հավաքականի դարպասապահի տեղափոխության հարցում: Հաջորդ շաբաթ ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և կստորագրի պայմանագիրը: Գործարքը «կարմիրների» համար կարժենա 10 մլն ֆունտ:
Այս ամենի հետ կապված խոսվում էր, որ մերսիսայդցիները պատրաստվում են ազատվել Ռեյնայից, ում ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»: Սակայն Ռոջերսը վստահեցնում է, որ Մինյոլեն կդառնա ոչ թե Ռեյնային փոխարինող, այլ նրա մրցակիցը:
-Մենք Պեպեյի հետ մեկ ամիս առաջ խոսեցինք և ես հայտնեցի, որ պատրաստվում ենք իր համար լուրջ մրցակցություն ստեղծել: Մինյոլեի տեղափոխությունը Ռեյնայի համար անակնկալ չէ:
Պեպեն ֆանտաստիկ դարպասապահ է, սակայն Սիմոնն իրեն շատ լավ է դրսևորում: Նա նաև Բելգիայի հավաքականի կարևոր մասն է կազմում:
Աշխատելով Պեպեյի հետ՝ դուք կնկատեք, որ նա հիանալի մարդ է,- հայտնել է Ռոջերսը: talkSPORT