Հարձակվող Մոհամեդ Սալահի գործակալը հերքել է լուրերն այն մասին, որ իր հաճախորդը կարող է հեռանալ «Լիվերպուլից», եթե «կարմիրները» չկարողանան նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր:
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալից» կրած 2-5 հաշվով պարտությունը և Պրեմիեր լիգայի 4-րդ տեղում գտնվող «Տոտտենհեմին» վեց միավորով զիջելը, որը երկու խաղ պակաս ունի, «Լիվերպուլին» թողնում է էլիտա վերադառնալու փոքր հնարավորություններ:
Օրերս մամուլում լուրեր շրջանառվեցին, որ դա կարող է Սալահին ստիպել հեռանալ «Լիվերպուլից», չնայած նախորդ տարի կնքված նոր պայմանագրին, սակայն 30 ամյա եգիպտացու գործակալը վստահեցնում է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Անհեթեթություն: Երբեք չեմ քննարկել կամ մտածել դրա մասին: Չեմպիոնների լիգա չհայտնվելու միտքը երբեք մեր մտքով անգամ չի էլ անցել»,- գրել է Աբասը Twitter-ում: