«Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 1:0 հաշվով հաղթանակից անմիջապես հետո «Արսենալի» պաշտպան Վիլյամ Սալիբան ստիպված եղավ հրաժարվել Ֆրանսիայի ազգային հավաքականին միանալու հրավերից:
Սալիբան կարևոր դեր ունեցավ Պրեմիեր լիգայի գործող չեմպիոնների նկատմամբ կիրակի օրը տարած հաղթանակում: Վիլյամը օգնեց զսպել Էրլինգ Հոլանդին և մրցակցին թույլ տվեց ընդամենը չորս հարված կատարել, որոնցից ընդամենը մեկը դարպասին:
Էմիրեյթսում կայացած խաղի ավարտից հետո հայտնի դարձավ, որ 22 ամյա Սալիբան չի կարողանա միանալ Ֆրանսիայի հավաքականին աջ ոտքի մեծ մատի վնասվածքի պատճառով։ Վիլյամը բուժման նպատակով կմնա «Արսենալում»:
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հայտարարության մեջ ասվում է, որ «Նիցցայի» ֆուտբոլիստ Ժան-Կլեր Տոդիբոն հրավիրվել է Սալիբային փոխարինելու Դիդյե Դեշամի թիմում, որը կհանդիպի Հոլանդիայի և Շոտլանդիայի հավաքականների հետ այս միջազգային ընդմիջման ժամանակ: