«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտնել է, որ իրեն երջանիկ է զգում ներկայիս ակումբում և չի մտածում հեռանալու մասին:
24-ամյա արգենտինացին «Սիթի» է տեղափոխվել «Ատլետիկոյից»՝ 2011թ-ի հուլիսին: Հենց Ագուերոն նախորդ մրցաշրջանի վերջին խաղում՝ «ՔՊՌ»-ի հետ, խփեց «ոսկե» գոլը, որը «քաղաքայիններին» պարգևեց չեմպիոնական տիտղոսը:
Սակայն այս մրցաշրջանում Ագուերոյի անձնական կյանքում լուրջ խնդիրներ են հայտնվել: Նա բաժանվեց կնոջից, ով երեխայի հետ տեղափոխվեց Իսպանիա: Այս իրադարձությունների հետ կապված լուրեր հայտնվեցին, որ Ագուերոն ամռանը կտեղափոխվի Իսպանիա: Խոսվում եր իսպանական երկու գրանտներ՝ «Բարսելոնայի» և «Ռեալի» մասին: Սակայն այսօր ֆուտբոլիստը հերքել է այդ լուրերը:
-Ես շատ երջանիկ եմ «Սիթիում»: Ես զգում եմ, որ այստեղ ինձ սիրում և գնահատում են: Արդեն 1.5 տարի է ես այստեղ եմ, սակայն ինձ թվում է՝ դա մի ամբողջ կյանք է,- «Սիթիի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է Ագուերոն: