«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը նոր վնասվածք է ստացել, ինչի պատճառով նրա վերադարձը հետաձգվել է ևս մեկ ամսով:
Հիշեցնենք, որ Անգլիայի ազգային հավաքականում ստացած ազդրի վնասվածքի պատճառով Սթարիջը չի խաղում օգոստոսի 31-ից: Թվում էր, թե Պրեմիեր Լիգայում Դանիելի վերադարձը կլինի ՔՊՌ-ի դեմ կիրակի օրվա խաղը, սակայն դա տեղի չի ունենա:
Ինչպես հաղորդում է Liverpool Echo-ն, հինգշաբթի օրը Մելվուդում «կարմիրների» մարզման ժամանակ 25-ամյա Սթարիջը վնասել է ոտքի մկանը: Դանիելի ապաքինման համար կպահանջվի երկուսից մինչև չորս շաբաթ, իսկ դա նշանակում է, որ նա բաց կթողնի «Լիվերպուլի» առաջիկա հանդիպումները՝ այդ թվում Չեմպիոնների Լիգայում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղը: