«Լիվերպուլը» պետք է «Բենֆիկային» ևս 8,5 միլիոն ֆունտ վճարի այն բանից հետո, երբ հարձակվող Դարվին Նունիեսը մասնակցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը:
Նախորդ օրը Նունիեսն օգնեց «Լիվերպուլին» ոչ-ոքի խաղալ Էթիհադում՝ 1:1, և Դարվինի ամենահիշարժան գործողությունը այդ խաղում նրա բախումն էր «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոդայի հետ եզրափակիչ սուլիչից հետո:
Հանդիպումը 24 ամյա ուրուգվայցու համար 60-րդն էր «Լիվերպուլի» կազմում՝ 2022 թվականի ամռանը «Բենֆիկայից» 85 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո:
Նշված 85 միլիոն ֆունտ ստերլինգից «Լիվերպուլը» «Բենֆիկային» վճարել է միայն 64 միլիոն ֆունտը, իսկ մնացած 21 միլիոն ֆունտը պետք է վճարվի բոնուսների տեսքով։
«Բենֆիկան» ավելի վաղ ստացել էր 4,3 միլիոն ֆունտ բոնուս Նունիեսի համար՝ «Լիվերպուլի» կազմում առաջին 10 խաղերին մասնակցելու համար: Եվս 50 խաղ խաղալով՝ Դարվինը իր նախկին ակումբին ապահովեց երկրորդ բոնուսով՝ 8,5 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ, հայտնում է Daily Mirror-ը:
Երրորդ և վերջին բոնուսը՝ 8,2 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ, «հիմնված է անհատական և կոլեկտիվ ձեռքբերումների վրա՝ ամբողջ պայմանագրի ընթացքում», որը գործում է մինչև 2028 թվականը:
Հավելենք, որ «Լիվերպուլի» կազմում անցկացրած 60 հանդիպումներում Նունիեսը դարձել է 22 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։