«Մանչեսթեր Սիթին» իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց աշխարհի ակումբային առաջնությունը՝ ՖԻՖԱ-ի մինի մրցաշարի եզրափակիչում 4:0 հաշվով հաղթելով բրազիլական «Ֆլումինենսեին»։
«Սիթիից» մեկ րոպեից էլ քիչ պահանջվեց հաշիվը բացելու համար: Նաթան Ակեի հեռահար հարվածից հետո Խուլիան Ալվարեսը գնդակը ուղարկեց դատարկ մնացած դարպասը` 1:0:
16-րդ րոպեին Էդերսոնը կանոնների խախտումով կանգբեցրեց Կենոյի առաջխաղացումը, սակայն բախտը ժպտաց «քաղաքայիններին», քանի որ արդեն արձանագրվել էր խաղից դուրս վիճակը։
«Սիթին» շարունակեց մեծացնել ճնշումը և 27-րդ րոպեին խփեց երկրորդ գոլը։Տուգանային հրապարակի ձախ եզրից՝ Ֆիլ Ֆոդենի կարարած փոխանցումից հետո գնդակը Նինոյի ծնկից կատարած անդրադրձից հետո հայտնվեց դարպասի հեռավոր անկյունում՝ 2:0։
Առաջին խաղակեսի վերջում Էդերսոնը լավ սեյվ կատարեց Ջոն Արյասի գլխի հարվածից հետո, որին «քաղաքայինները» պատասխանեցին Ջեկ Գրիլիշի հեռահար հարվածով. «Ֆլումինենսեի» դարպասապահը նույնպես իր լավագույն կողմերը ցուցադրեց այդ դրվագում:
Ընդմիջումից հետո ոչինչ չփոխվեց։ «Սիթին» շարունակեց իշխել դաշտում: Սակայն երրորդ գոլը գրանցվեց միայն 72-րդ րոպեին։ Տուգանային հրապարակի ձախ եզրից Ալվարեսի կատարած փոխանցումից հետո Ֆոդենը հանդիպման հաշիվը դարձրեց խոշոր՝ 3:0։
Իսկ հանդիպման վերջնակետը 88-րդ րոպեին դրեց Ալվարեսը, ով Մատեուս Նունեսից ստանալով գնդակը, շրջանցեց պաշտպանին և գնդակը ուղարկեց դարպասի ստորին անկյուն՝ 4:0։
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) 4 – 0 «Ֆլումինենսե» (Բրազիլիա)
Գոլեր՝ Ալվարես 1, 88, Նինո 27 (ինքն․), Ֆոդեն 72։
Դեղին՝ Մարսելո, Ալեքսանդր, Քենեդի: