«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է «Վալենսիայի» կենտրոնական պաշտպան Նիկոլաս Օտամենդիին գնելու մասին։ Ֆուտբոլիստի տրանսֆերը «քաղաքայինների» համար արժեցել է 32 մլն ֆունտ։
Վերջին տարիներին պաշտպանությունը համարվում էր Մանուել Պելեգրինիի թիմի աքիլեսյան գարշապարը։ Նախորդ ամառ Էլյակիմ Մանգալային գնելով չլուծվեց այս խնդիրը, չնայած, որ ֆրանսիացին վստահ է սկսել այս մրցաշրջանը։
Խոսվում էր, որ հենց Մանգալան մաս կկազմի 27֊ամյա Օտամենդիի տրանսֆերի, սակայն «Սիթին» նախընտրեց պահել Էլյակիմին։
Հինգ տարվա պայմանագիր ստորագրելով՝ Նիկոլասը դարձավ այս ամառվա ընթացքում «քաղաքայինների» չորորդ ձեռքբերումը Ռահիմ Ստերլինգից, Ֆաբիան Դելֆից և Պատրիկ Ռոբերտսից հետո։ Իր նոր թիմում Օտամենդին կկրի 30 համարի մարզաշապիկը։
֊Նիկոլաս Օտամենդին, հնարավոր է, որ նախորդ մրցաշրջանում Լա Լիգայի լավագույն պաշտպանն էր, և ես ուրախ եմ, որ մենք պայմանագիր ենք ստորագրել նման տաղանդավոր ֆուտբոլիստի հետ,֊ Պելեգրինիի խոսքերն է մեջբերում «Սիթիի» պաշտոնական կայքը։