Ինչպես հայտնում է Sky Sports-ը, «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Սուարեսը ներողություն է խնդրել իր թիմակիցներից և վերադարձել է ընդհանուր խմբի հետ մարզումներին:
Ավելի վաղ 26-ամյա ուրուգվայցին չէր թաքցնում, որ ցանկանում է հեռանալ «Էնֆիլդից» և տեղափոխվել «Արսենալ»: Սակայն «Լիվերպուլը» մերժեց «զինագործների» առաջարկը և կտրականապես բացառեց Սուարեսի տեղափոխությունը որևէ ակումբ:
Որոշ ժամանակ անց Լուիսը քննադատորեն էր արտահայտվել ակումբի ղեկավարության հասցեին` նշելով, որ նրանք խոստացել էին իրեն բաց թողնել, եթե չհայտնվեն Չեմպիոնների Լիգայում: Այդ մեկնաբանությունները պատճառ հանդիսացան, որ Սուարեսին հեռացնեն ընդհանուր թիմի հետ մարզումներից:
«Կարմիրների» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ավելի ուշ հայտնեց, որ հարձակվողը կվերադառնա հիմնական թիմի հետ մարզումներին միայն ներողություն խնդրելուց հետո: Եվ այսօր Սուարեսը որոշել է այդ քայլին գնալ, որը զգալիորեն փոքրացնում է այս ամառ «Լիվերպուլից» նրա հեռանալու հավանականությունը: