«Սուոնսիի» հարձակվող Վիլֆրիդ Բոնին ուելսյան ակումբի հետ նոր պայմանագիր է ստորագրել, որով կշարունակի մնալ ակումբում մինչև 2018թ-ը:
Կոտ դը Իվուարի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Լիբերթի» է տեղափոխվել անցած ամառ հոլանդական «Վիտեսից»: Անգլիայում իր առաջին մրցաշրջանի ընթացքում Բոնին դարձավ 25 գոլի հեղինակ, որով արժանացավ մի շարք թոփ ակումբների հետաքրքրությանը:
Սակայն Վիլֆրիդը հավատարիմ մնաց «կարապներին» և կշարունակի ելույթները Գարի Մոնկի թիմում: «Սուոնսիում» իր ելույթները շարունակելու պատրաստակամությունը նա ապացուցեց նոր պայմանագրով:
-Սա հիանալի նորություն էր: Ամենակարևորն այն է, որ Բոնին կշարունակի խաղալ մեր ակումբի և մեր երկրպագուների համար,- ուելսյան ակումբի պաշտոնական կայքին հայտնել է Մոնկը: