«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Սքոթ Սինկլերը հաջորդ մրցաշրջանում ցանկանում է վարձակալությամբ հանդես գալ որևէ ակումբում, եթե գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մնա իր պաշտոնում:
Անցած ամռանը 24-ամյա Սինկլերը «Սուոնսիից» տեղափոխվեց «Սիթի» 6 մլն ֆունտով: Մինչ այսօր Պրեմիեր Լիգայում նա ընդամենը երկու հանդիպման է մասնակցել առաջին րոպեներից: Նա ոչ մի անգամ գոլի հեղինակ չի դարձել:
Daily Mirror պարբերականի փոխանցմամբ ֆուտբոլիստը պատրաստ է մնալ ակումբում և պայքարել հիմնական կազմում տեղ գրավելու համար, եթե Մանչինին հեռանա ակումբից: Մինչդեռ եթե «քաղաքայինների» սեփականատերերը շարունակեն վստահել իտալացի մասնագետին, ապա Սինկլերը պատրաստվում է վարձակալությամբ հանդես գալ մեկ այլ ակումբում խաղային պրակտիկա ստանալու համար:
Ավելացնենք, որ Սքոթի ծառայություններով հետաքրքրվում են «Վեստ Բրոմվիչը», «Աստոն Վիլլան» և «Էվերթոնը»: