Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը տեղի կունենա Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր միմյանց կհանդիպեն «Տոտտենհեմը» և «Մանչեսթեր Սիթին»:
«Քաղաքայինները» մեծ թափ են հավաքել և թվում է՝ ոչ ոք չի կարողանա կասեցնել նրանց ընթացքը: Մանուել Պելեգրինիի սաները հաղթել են վերջին 7 հանդիպումներում: «Սիթին» այժմ 50 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը և այսօրվա հաղթանակի դեպքում կշրջանցի առաջատար «Արսենալին», որը «Սաութհեմպտոնի» դեմ երեկվա խաղում միավոր կորցրեց:
Մանչեսթերցիներն անկասելի են նաև հարձակման գծում: Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 22 խաղում նրանք 63 գնդակ են ուղարկել մրցակիցների դարպասները:
Ինչ վերաբերվում է դաշտի տերերին, ապա Թիմ Շերվուդի գլխավորությամբ մեծ առաջընթաց է գրանցել նաև «Տոտտենհեմը»: Շերվուդի գլխավորությամբ «Տոտտենհեմը» հաղթել է Պրեմիեր Լիգայում անցկացրած 6 խաղերից 5-ում, մեկ անգամ էլ ոչ ոք է խաղացել:
Ընթացիկ մրցաշրջանում թիմերի առաջին հանդիպումն ավարտվեց «Սիթիի» ջախջախիչ հաղթանակով՝ 6-0: Ընդհանուր առմամբ այս երկու ակումբները հանդիպել են 146 անգամ և առավելությունը «Տոտտենհեմի» կողմն է, որը հաղթել է 57 խաղում, 34 անգամ գրանցվել է ոչ ոքի, իսկ 55 անգամ ուժեղ են գտնվել մանչեսթերցիները:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 23:45-ին:
Մեր կանխատեսումը՝ 1:2: