Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից երկրորդը կայացավ Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»:
Անգլիական երկու գրանդների դիմակայությունում ավելի ուժեղ գտնվեց «Լիվերպուլը», որը ջախջախիչ հաղթանակ տարավ Լոնդոնում: Խաղի հաշիվը 18-րդ րոպեին գեղեցիկ գոլով բացեց Լուիս Սուարեսը: Առաջին խաղակեսում «կարմիրները» ևս մեկ անգամ հասան հաջողության:
Երկրորդ խաղակեսի միջնամասում կոպիտ խաղի համար դաշտից հեռացվեց Պաուլինյոն՝ էլ ավելի ծանրացնելով լոնդոնցիների վիճակը: Թվային առավելություն ունեցող լիվերպուլցիները կարողացան ևս երեք գնդակ ուղարկել Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Լուիս Սուարեսը:
Այս հաղթանակից հետո Բրենդան Ռոջերսի սաները բարձրացան 2-րդ հորիզոնական, իսկ «Տոտտենհեմը» կշարունակի զբաղեցնել աղյուսակի 7-րդ հորիզոնականը:
Գոլեր. Սուարես՝ 18ր, 84ր, Հենդերսոն՝ 40ր, Ֆլանագան՝ 75ր, Ստերլինգ՝ 89ր:
Հեռացում. Պաուլինյո՝ 63ր: