«Արսենալի» նախկին հարձակվող Փոլ Մերսոնը ակնկալում է, որ «Մանչեսթեր Սիթիին» այս մրցաշրջանում կհաջողվի պաշտպանել Պրեմիեր լիգայի տիտղոսը։
Անցած մրցաշրջանում «Սիթին» ուներ միայն մեկ իրական մրցակից` ի դեմս «Արսենալի», և Մերսոնին թվում է, որ դա այդպես էլ կմնա նոր մրցաշրջանում։
Մերսոնը «Լիվերպուլին» չի տեսնում տիտղոսի հավակնորդի դերում և կարծում է, որ «Չելսին» չի հայտնվի նույնիսկ թոփ 4-ում:
«Ես չեմ տեսնում, որ ինչ-որ մեկը կկարողանա առաջ անցնել «Մանչեսթեր Սիթիից» Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքում: Գյունդողանի հեռանալու և Քայլ Ուոլկերի հետ հնարավոր բաժանման դեպքում նրանք կարող են դժվար ժամանակներ ունենալ այս մրցաշրջանում: «Արսենալը» կարող է նրանց մրցակցության մեջ դնել կատարյալ ներդրումներից հետո, բայց «Սիթիի» նստարանը շատ ամուր է»:
«Դեքլան Ռայսը դեռ պետք է ընտելանա «Արսենալի» խաղաոճին, որտեղ գնդակը շատ ավելի արագ է տեղաշարժվում, քան նա սովոր է «Վեստ Հեմում» և Անգլիայի հավաքականում: Թերևս «Արսենալը» մոտ կլինի, բայց ես «Լիվերպուլին» այս պահին չեմ համարում տիտղոսի հավակնորդ»:
«Շատ բան կախված կլինի նրանից, թե արդյոք «Մանչեսթեր Յունայթեդին» կհաջողվի ձեռք բերել Հարի Քեյնին: Եթե հաջողվի, նրանք լուրջ հավակնորդ կլինեն Պրեմիեր լիգայի չեմպիոնության մրցավազքում, եթե ոչ, ապա կպայքարեն լավագույն 4-ի համար»:
«Չեմ կարծում, որ «Չելսին» այս մրցաշրջանում կհայտնվի թոփ-4-ում: Նրանք այս պահին չափազանց շատ աշխատանք ունեն անելու: Նրանք մեծ թիմ ունեն առանց կիսապաշտպանության, և նրանք ազատվեցին Մատեո Կովաչիչից և Մեյսոն Մաունտից: Նրանց թիմը շատ անհավասարակշիռ է», – ասել է Մերսոնը Sportskeeda-ին: