Կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը կարող է երկարաձգել իր պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ, չնայած որ իր վարձակալությունը նախատեսված էր մինչև հունվար:
Համաձայն նախնական պայմանավորվածության, հունվարին 36-ամյա Լեմպարդը պետք է միանա «Նյու-Յորք Սիթիին», որի հետ երկու տարվա պայմանագիր ունի:
Սակայն հունվարին անգլիական մրցաշրջանն ամենաբարձր ռիթմի մեջ է լինում, և ՄԼՍ-ի մրցաշրջանին պատրաստվելու համար կարիք չկա, որ Լեմպարդը մարզավիճակ հավաքի «Նյու-Յորք Սիթիի» հետ:
Հունվարին «քաղաքայինների» կիսապաշտպան Յայա Տուրեն կմեկնի մասնակցելու աֆրիկյան ազգերի գավաթին: Ինչպես հաղորդում է Manchester Evening News-ը, այդ ժամանակ «Սիթին» կմնա ընդամենը երկու կենտրոնական կիսապաշտպանով՝ Ֆերնանդո և Ֆերնանդինյո, և Լեմպարդի օգնությունը նրանց չի խանգարի:
Ավելացնենք, որ աֆրիկյան ազգերի գավաթի համար Յայան կարող է բաց թողնել մինչև հինգ շաբաթ, իսկ այդ ընթացքում «Սիթիին» սպասվում է խաղեր «Չելսիի», «Էվերթոնի» և «Արսենալի» հետ: