Ավարտվեց Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանը։ Նորությունների այս բաժնում մենք կամփոփենք Անգլիայի առաջնությունում հանդես եկած թիմերի արդյունքները և մեր ամփոփումը կշարունակենք մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը զբաղեցրած թիմով։
Լիվերպուլ
Լավագույն ռմբարկու՝ Մոհամեդ Սալահ – 19
Լավագույն ասիստենտ՝ Մոհամեդ Սալահ – 12
Լավագույն խաղացող՝ Մոհամեդ Սալահ
Հիասթափություն՝ Նաբի Կեյտա
Բացահայտում՝ Հարվի Էլիոթ
Ակնկալիքներ
«Լիվերպուլին» անհրաժեշտ էր վերանայել ընտրած ուղղին, ինչպես նաև կազմը ուներ թարմացման կարիք։ Կազմի թարմացման գործընթացը «կարմիրները» նախընտրեցին սկսել հարձակման գծից, և այդ ուղղությամբ առաջին ձեռքբերումը դարձավ Դարվին Նունեսը։ Ձմռանը նրանք շարունակեցին ուժեղացնել այդ դիրքը և կարողացան ձեռք բերել 2022 թվականի աշխարհի առաջնության գլխավոր հերոսներից մեկին՝ Կոդի Գակպոյին: Հավանաբար կարելի էր ենթադրել, որ «Լիվերպուլը» մի փոքր կթուլանա ու չի պայքարի չեմպիոնության համար, բայց ոչ ոք չէր պատկերացնում, որ Կլոպի թիմի անկումն այսքան լուրջ կլինի, և «Լիվերպուլը» նույնիսկ չի կարողանա նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Սեզոն
Հարձակումը սկսեց թարմացվել, բայց, ինչպես պարզվեց, թիմի հիմնական խնդիրները դաշտի կենտրոնում էին, որտեղ գրեթե բոլոր խաղացողները միաժամանակ կորցրեցին իրենց մարզավիճակը՝ հատկապես իրենց նման չէին Նաբի Կեյտան և Տիագո Ալկանտարան: Վնասվածքները նույնպես խանգարեցին, բայց կենտրոնական կիսապաշտպաններից և ոչ մեկը չկարողացավ պարծենալ «Լիվերպուլում» ցուցադրած կայուն խաղով։ Դրա մասին է խոսում նաև այն փաստը, որ երիտասարդ Ջոնսը և Էլիոթը սկսեցին ավելի հաճախ հայտնվել մեկնարկային կազմում։ Կիսապաշտպանությունում իր ուժերը փորձեց նաև Ալեքսանդր-Առնոլդը: Հարձակման նորեկներին ժամանակ էր անհրաժեշտ հարմարվելու առաջնությանը, բայց գոլերի հետ կապված խնդիրներ չեղան՝ Մոհամեդ Սալահի կայուն խաղի շնորհիվ, ով այս մրցաշրջանում իրեն զգում էր ինչպես Հարի Քեյնը «Տոտտենհեմում»:
Գնահատական
Անբավարար։ Ենթադրվում էր, որ «Լիվերպուլը» կարող էր խաղային առումով նահանջ գրանցել՝ հաշվի առնելով թիմի թարմացումները։ Սակայն լավագույն 4-ից դուրս մնալը ոչ-ոք չէր կարող կանխատեսել։ Չնայած այս մրցաշրջանի բոլոր վնասվածքներին և մի շարք կարևոր խաղացողների մարզավիճակի հետ ունեցած խնդիրներին, «Լիվերպուլի» կազմը բավական լավն էր «Նյուքասլից» և «Մանչեսթեր Յունայթեդից» հետ չմնալու համար: Այս թիմին պակասում էր կայունությունը, և խնդիրն ակնհայտորեն ոչ թե ֆուտբոլիստների վատ ֆիզիկական պատրաստվածության մեջ էր, այլ հոգեբանության։ Դրա վառ հաստատումը «Բորնմուտից» կրած 1-0 հաշվով պարտությունն է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պատմական և գրավիչ 7:0 -ից հետո: Հետաքրքիրն այն է, որ առաջին տուրերում «Լիվերպուլը» այս թիմերի հետ խաղաց ճիշտ հակառակ ձևով՝ նրանք պարտվեցին «Մանչեսթեր Յունայթեդին» և հաջորդած հանդիպման ժամանակ 9:0 հաշվով ջախջախեցին «Բորնմուտին»: