«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանը կարծում է, որ Ուրուգվայի հավաքականում իր խաղընկեր Լուիս Սուարեսը կարող է դառնալ այն առաջատարը, ով «Արսենալին» կօգնի պայքարել Պրեմիեր Լիգայի հաղթանակի համար:
34-ամյա Ֆորլանի կարծիքով, Սուարեսին գնելով «Արսենալը» «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» հետ կհայտնվի նույն հարթակի վրա: Դիեգոն վստահ է, որ այժմ «զինագործներին» պակասում է այն ֆուտբոլիստը, ինչպիսին ժամանակին Թիերի Անրին էր:
-Միայն Սուարեսը գիտի՝ ինչպիսին են իր պլանները, սակայն նա անգնահատելի ձեռքբերում կդառնա «Արսենալի» համար: Իհարկե, «Արսենալը» ուժեղ ակումբ է, սակայն վերջին տարիներում նրանք չեն կարողանում մրցակցել «Յունայթեդի», «Սիթիի» և «Չելսիի» հետ:
Նրանք հիանալի ֆուտբոլիստներ ունեն, սակայն չունեն այն մեկին, ով նրանց կտանի դեպի հաղթանակներ: Այնպիսի ֆուտբոլիստ, ինչպիսին «Մանչեսթեր Յունայթեդի» համար Ուեյն Ռունին և Ռոբին Վան Պերսին են, «Մանչեսթեր Սիթիի» համար՝ Սերխիո Ագուերոն և Յայա Տուրեն: «Արսենալն» այդ խնդիրն ունի Թիերի Անրիի հեռանալուց հետո:
Եթե նրանց հաջողվի պայմանագիր ստորագրել Սուարեսի հետ, ապա կկարողանան պայքարել տիտղոսների համար,- ասել է Ֆորլանը: Daily Mirror