«Սուոնսի Սիթիի» կիսապաշտպան Ջոնջո Շելվին «Լիվերպուլին» ոչ-ոքի «պարգևելու» համար ներողություն է խնդրել ուելսյան ակումբի երկրպագուներից:
21-ամյա Շելվին երեկվա խաղում (2:2) բացեց հաշիվ, այնուհետև՝ չանցած 2 րոպե, կոպիտ սխալի արդյունքում գոլ բերեց «Սուոնսիի» դարպասին: «Կարմիրների» երկրորդ գոլի ժամանակ Վիկտոր Մոզեսի մոտ գնդակը հայտնվեց կրկին Շելվիի սխալ փոխանցումից հետո, իսկ ահա երկրորդ խաղակեսում Ջոնջոն գեղեցիկ գոլային փոխանցում կատարեց Միչուին:
Խաղից հետո «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստը ներողություն է խնդրել «Սուոնսիի» երկրպագուներից:
-Ես ցանկանում եմ ներողություն խնդրել երկրպագուներից՝ երկու կոպիտ սխալների համար, որոնց արդյունքում, եթե անկեղծ գտնվենք, ես ոչ-ոքի նվիրեցի «Լիվերպուլին»: Կարծում եմ՝ մենք արժանի էինք հաղթանակի:
Հաճելի էր խաղը գոլով սկսել, սակայն հետո պատահեց երկու կոպիտ սխալ: Բայց մենք կարողացանք երկրորդ գոլը խփել և խաղն ավարտել ոչ-ոքի արդյունքով,- Sky Sports-ին հայտնել է Շելվին: