Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպումներից առաջինը տեղի կունենա «Էթիհադ» մարզադաշտում, ուր «քաղաքայինները» կհյուրընկալեն ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Արսենալին»:
«Սիթին» ընթացիկ մրցաշրջանում լավագույնն է սեփական հարկի տակ անցկացված խաղերում: «Քաղաքայինները» տանը ոչ մի հնարավորություն չեն տալիս մրցակցին: «Սիթին» նաև առաջնության լավագույն հարձակման գիծն ունի: Մանչեսթերցիները 15 խաղում խփել են 41 գնդակ:
«Արսենալը» խփած գոլերի թվով զիջում է «Սիթիին», սակայն Արսեն Վենգերի սաներն այս մրցաշրջանում զարմանալիորեն լավ են գործում, ինչի շնորհիվ գլխավորում են մրցաշրային աղյուսակը և 5 միավորի առավելություն ունեն երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլից»:
Հաղթանակը կողմերից յուրաքանյուրի համար շատ կարևոր է, քանի որ այստեղ խաղարկվում է 6 միավոր: «Սիթին» հաղթելու դեպքում ընդհուպ կմոտենա առաջատարին, իսկ «Արսենալը» կարող է էլ ավելի մեծացնել միավորների տարբերությունն իր մրցակիցներից:
Թիմերն այս հանդիպմանն են մոտեցել Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլում իրենց տեղն ապահովելուց հետո: Սակայն եթե «Սիթին» խմբային փուլի վերջին խաղում հաղթեց խմբի առաջատար «Բավարիային», ապա «Արսենալը» պարտվեց «Նապոլիին» և անգամ կարող էր դուրս մնալ հետագա պայքարից:
Անգլիական այս երկու գրանդներն ընդհանուր առմամբ հանդիպել են 182 անգամ և առավելությունը լոնդոնցիների կողմն է: «Զինագործները» հաղթել են միմյանց միջև անցկացված խաղերից 93-ում, 41 անգամ գրանցվել է ոչ ոքի և 48 խաղում ուժեղ է գտնվել մանչեսթերյան ակումբը:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանկով 16:45-ին:
Մեր կանխատեսումը՝ 2:1: