Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնի «Ուայթ Հարթ Լեյն» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» կհուրընկալի «Մանչեսթեր Սիթիին»:
Գործող չեմպիոն «Սիթին» արդեն կորցրել է տիտղոսը պաշտպանելու բոլոր շանսերը: «Քաղաքայինները» առաջնության ավարտից 4 տուր առաջ 13 միավորով հետ են «Չելսիից»: Մանուել Պելեգրինիի թիմը մանչեսթերյան իրենց հարևանի և «Արսենալի» հետ պայքարում է երկրորդ հորիզոնականի համար: Նախորդ տուրում «Սիթին» դրամատիկ պայքարում դժվարին հաղթանակ տարավ «Աստոն Վիլլայի» նկատմամբ՝ 3:2:
Ինչ վերաբերվում է դաշտի տերերին, ապա «Տոտտենհեմը» գործնականում զրկվել է լավագույն քառյակում տեղ գտնելու հնարավորությունից: Նրանց պայքարը 5-րդ հորիզոնականի համար է, որում հիմնական մրցակիցները «Լիվերպուլը» և «Սաութհեմպտոնն» են:
Այս երկու ակումբներն ընդհանուր առմամբ հանդիպել են 148 անգամ, որոնցում տարել են հավասար թվող հաղթանակներ՝ 57-ական: 34 անգամ թիմերը միավոր են կիսել:
Խաղը տեղի կունենա այսօր, Երևանի ժամանակով 19:00-ին:
Մեր կանխատեսումը՝ 1:1