Իտալական «Ռոման» պաշտոնապես հայտնել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էդին Ջեկոյին վարձակալելու և վերջինիս ամբողջական տրանսֆերը առաջնային իրավունքով գնելու հնարավորություն ստանալու մասին:
Բոսնիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Էթիհադում» էր մոտ չորս տարի: Ջեկոն 2014 թվականին նոր պայմանագիր ստորագրեց, սակայն նախորդ մրցաշրջանում անհաջող հանդես գալուց հետո որոշեց ուժերը փորձել այլ առաջնությունում:
Ինչպես հայտնում է BBC-ն, 29-ամյա հարձակվողին վարձակալելու համար իտալական ակումբը վճարել է 2,9 մլն ֆունտ: «Ռոման» ևս 7,9 մլն ֆունտ կվճարի, որպեսզի մեկ տարի հետո գնի ամբողջական տրանսֆերը:
Հիշեցնենք, որ 2011 թվականի հունվարին «քաղաքայինները» Ջեկոյի համար «Վոլֆսբուրգին» 27 մլն ֆունտ վճարեցին: Այս ընթացքում Էդինը մասնակցել է 189 խաղի, որոնցում դարձել է 72 գոլի հեղինակ: Երկու անգամ հաղթել է Պրեմիեր Լիգան, մեկական անգամ՝ Անգլիայի և Լիգայի գավաթները:
-Ես տեղափոխվել եմ այստեղ, որպեսզի տիտղոսներ նվաճեմ «Ռոմայի» հետ: Առաջին հերթին մեզ անհրաժեշտ է վստահ խաղալ դաշտում, և այդ դեպքում հուսով եմ, որ կհասնենք ցանկալի արդյունքին,- ասել է Ջեկոն: Roma TV