«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը քննադատել է Պրեմիեր Լիգային՝ «Ստոկ Սիթի» – «Տոտտենհեմ» հանդիպման մրցավարին փոխելու հետ կապված։
Հիշեցնենք, որ սկզբում որոշվել էր, որ հանդիպումը կսպասարկի մրցավար Քևին Ֆրենդը, ով ծնունդով Լեսթերից է։ Սա մեծ դժգոհություն առաջացրեց «Տոտտենհեմի» երկրպագուների շրջանում, որոնց թիմը չեմպիոնական պայքարում հետևում է «աղվեսներին»։
Հանրային ճնշման պատճառով մրցավարական կորպուսը չեղյալ համարեց Ֆրենդի նշանակում և նրա փոխարեն «Բրիտանիա» կուղարկի Նիլ Սուորբրիկին։ Սակայն Վենգերը սրանում վտանգավոր նախադեպ է տեսնում։
-Ես զարմացած և զայրացած եմ այս որոշումից։ Սա վտանգավոր նախադեպ կարող է ստեղծել։ Ելքը նրանում է, որ չտեսնեն, թե որտեղից է մրցավարը, ուղղակի նշանակեն լավագույնին։
Ես մրցավարական աշխատանքի գնահատման մասնագետ չեմ։ Մենք պետք է համակերպվենք նրանց սխալների հետ և նոր տեխնոլոգիաների միջոցով օգնենք նրանց,- ասել է Վենգերը։ Sky Sports