«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է առաջիկա ամռանը 200 մլն ֆունտից ավել ծախսել «Բարսելոնայի» գերաստղ Լիոնել Մեսսիին ձեռք բերելու համար։
Այս շաբաթ իսպանական Marca պարբերականը հայտնեց, որ Մեսսին մերժել է պայմանագիրը երկարաձգելու կատալոնական ակումբի առաջարկը և առաջնայինը համարում է իր ապագայի հետ կապված որոշում կայացնելը։
Այս պարագայում, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնային» կմնա ընդամենը 12 ամիս Լիոնելի հետ նոր պայմանագիր ստորագրելու համար, որպեսզի խուսափի նրան առանց փոխհատուցման բաց թողնելուց վտանգից։
Եթե 29-ամյա արգենտինացին հասանելի լինի տրանսֆերային շուկայում, ապա նրա հանդեպ իրենց հետաքրքրությունը ցույց կտան միայն Եվրոպայի ֆինանսապես ամենակարող ակումբները, ինչպիսիք են ՊՍԺ-ն, «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։ Անկասկած, նրան գնելու փորձեր կկատարեն նաև չինական որոշ ակումբներ։
Սակայն «Սիթին» վստահ է, որ իրենց գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի գործոնն իրենց ֆավորիտ կդարձնի Լիոնելի համար պայքարում։ Daily Mirror-ը, հայտնում է, որ իսպանացի մասնագետը «երազում» է կրկին աշխատել իր նախկին սանի հետ և պատրաստ է նրա համար համաշխարհային նոր ռեկորդ սահմանել։
Հաղորդվում է, որ «Սիթին» պատրաստ կլինի «Բարսային» 100 մլն ֆունտից ավել փոխհատուցում առաջարկել, իսկ անձամբ Մեսսիին տարեկան 30 մլն ֆունտ վճարել։ Հաշվի առնելով Մեսսիի տարիքը և գործող պայմանագրի լրանալու ժամկետը, «Նոու Կամպի» ակումբին դժվար կլինի դիմակայել առաջարկվող գումարին։