«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հաստատել է, որ իր պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը պատրաստ է վերադառնալ մեկնարկային կազմ «Նյուքասլի» դեմ խաղում:
Վան Դեյկը շարքից դուրս է եկել հունվարի 2-ից, երբ փոխարինվեց «Բրենտֆորդի» դեմ խաղում մկանի վնասվածքի պատճառով:
Անցած երկուշաբթի, երբ «կարմիրները» հանդիպեցին հարևան «Էվերթոնի» հետ, Վիրջիլը հայտնվեց փոխարինողների թվում, բայց նա չխաղաց Էնֆիլդում:
Սակայն 31 ամյա հոլանդացին կարող է հայտնվել «Նյուքասլի» դեմ խաղի մեկնարկային րոպեներից առաջիկա շաբաթ օրը:
«Կարծում եմ՝ այո: Երեկ նա բավականին պատրաստ տեսք ուներ»,- Կլոպի խոսքը մեջբերում է Daily Mail-ը։
Յուրգենը նաև հաստատել է, որ Իբրահիմա Կոնատեն, Կալվին Ռեմսին, Տիագո Ալկանտարան և Լուիս Դիասը շարունակում են բուժվել։