«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը հայտարարել է, որ այս մրցաշրջանում իր բոլոր գոլերը կփոխանակեր տրեբլի հետ:
22 ամյա Հոլանդը երեկ ռեկորդ սահմանեց՝ Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանում ամենաշատ գոլերը խփելով՝ 35։ Իսկ, եթե հաշվի առնենք բոլոր մրցաշարերը՝ Էրլինգն արդեն 51 անգամ է տխրեցրել իր մրցակիցներին։
Չնայած գոլերի այսպիսի տպավորիչ ցուցանիշին, Հոլանդը դեռևս առաջնահերթություն է տալիս թիմային խաղին և պատրաստ է իր գոլերը փոխանակել Պրեմիեր լիգայի, Չեմպիոնների լիգայի և Անգլիայի գավաթի չեմպիոնական տիտղոսների հետ:
«Բոլորը գիտեն, որ դա հնարավոր է, բայց հիմա մենք չենք կարող մտածել Անգլիայի գավաթի եզրափակչի մասին, քանի որ երեք օրից մենք խաղալու ենք «Լիդսի» դեմ: Եթե մտածեք դրա մասին, ապա մենք կզրկվենք մեր բնականոն խաղից»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում Sky Sports։