«Լիվերպուլում» հինգ անհաջող տարիներից հետո կիսապաշտպան Նաբի Կեյտան վերադարձել է Գերմանիա՝ միանալով Բրեմենի «Վերդերին»:
2018 թվականին Կեյտան «ՌԲ Լեյպցիգից» տեղափոխվեց «Լիվերպուլ»՝ 52 միլիոն ֆունտ ստեռլինգով, սակայն չկարողացավ արդարացնել «Լիվերպուլի» անձնակազմի ակնկալքները:
«Լիվերպուլում» անցկացրած այդ հինգ մրցաշրջաններում Կեյտան ընդամենը 129 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 11 գոլի հեղինակ: Նաբին չկարողացավ բավարարել Պրեմիեր լիգայի բարձր խաղամակարդակի պահանջներին և երկար ժամանակ բացակայեց վնասվածքների պատճառով:
«Լիվերպուլի» որոշումը՝ չերկարաձգել Կեյտայի հետ պայմանագիրը, որն ավարտվում է հունիսի վերջին, անակնկալ չէր: Իսկ կարիերան վերականգնելու մտադրությամբ 28 ամյա գվինեացին վերադարձավ Բունդեսլիգա։
Այսպիսով, Կեյտան անվճար տեղափոխվեց Բրեմենի «Վերդեր», որը 2022/23 մրցաշրջանն ավարտեց Բունդեսլիգայի 13-րդ տեղում։
Հավելենք, որ «Լիվերպուլի» հետ Կեյտան հաղթել է Պրեմիեր լիգան, Չեմպիոնների լիգան, Անգլիայի գավաթը, լիգայի գավաթը և Աշխարհի ակումբային առաջնությունը, թեև անձամբ Նաբիի ներդրումն այս հաջողություններում շատ փոքր մաս էր կազմում։