Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրի հերթական խաղում «Նորվիչ Սիթին» հյուրընկալեց գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»:
Մանչինի սաները ակտիվ սկսեցին խաղը և արդեն 5-րդ րոպեին ունեին երկու գնդակի առավելություն: «Քաղաքայինների» հարձակվող Էդին Ջեկոն առաջին խաղակեսում դարձավ դուբլի հեղինակ: Սակայն կամային հատկանիշներով աչքի ընկնող Հյութոնի սաները չհանձնվեցին և 15-րդ րոպեին կրճատեցին տարբերությունը: Գոլն իր հաշվին գրանցեց Էնթոնի Պիլկինգթոնը՝ 1:2:
Դաշտի տերերը 44-րդ րոպեին ստացան մեկ ֆուտբոլիստի առավելություն: Սահմանված կանոնները խախտելու համար կարմիր քարտով հեռացվեց Սամիր Նասրին:
Երկրորդ խաղակեսը նույնպես գոլառատ ստացվեց: 50-րդ րոպեին Սերխիո Ագուերոն մեծացրեց «քաղաքայինների» առավելությունը՝ 1:3: 63-րդ րոպեին դաշտի տերերի պաշտպան Ռասել Մարտինը վերականգնեց 1 գնդակի տարբերությունը՝ 2:3: Սակայն 4 րոպե հետո Ջեկոն խփեց իր թիմի 4-րդ գնդակը՝ իր հաշվին գրանցելով հեթ-տրիկ: «Նորվիչը» դարձյալ ցուցաբերեց կամային հատկանիշներ և 75-րդ րոպեին 3-րդ գնդակը ուղարկեց Հարտի պաշտպանած դարպասը: Դուբլի հեղինակ դարձավ Ռասել Մարտինը՝ 3:4:
Խաղի մնացած ժամանակում թիմերը չկարողացան փոփոխություն մտցնել հաշվի մեջ և «Սիթիին» հաջողվեց վաստակել 3 միավոր:
Այս հաղթանակից հետո Մանչինիի սաները վաստակած 42 միավորով կշարունակեն մնալ 2-րդ հորիզոնականում:
Գոլեր. Ջեկո՝ 2ր, 5ր, 67ր, Պիլկինգթոն՝ 15ր, Ագուերո՝ 50ր, Մարտին՝ 63ր, 75ր
Հեռացում. Նասրի՝ 44ր