«Մանչեսթեր Սիթին» պատաստվում է մասշտաբային փոփոխության: Սպասվում է, որ ամռանը թիմը կլքեն 11 ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է The Guardian-ը:
Անցած ամառ «քաղաքայինները» անհաջող տրանսֆերային քաղաքականություն վարեցին: Ռոբերտո Մանչինիի թիմը այդպես էլ լուրջ համալրում չունեցավ, ինչի պատճառով թիմը ֆիասկոյի ենթարկեց Չեմպիոնների Լիգայում, իսկ Պրեմիեր Լիգայում գործնականում զրկվեց չեմպիոնության համար պայքարից:
«Սիթին» այժմ նոր ղեկավարներ ունի: Փոխվել են գործադիր և սպորտային տնօրենները:
Նոր ձեռքբերումներ ունենալուց առաջ պետք է ազատվել որոշ ֆուտբոլիստներից: Ամռանը կլրանան Կոլո Տուրեի, Ռոկե Սանտա Կրուզի և Ուեյն Բրիջի պայմանագրերը: Իսկ Ջոլեոն Լեսկոտի, Գարետ Բերրիի և Կառլոս Տևեսի պայմանագրերին մնացել է 1 տարի:
«Քաղաքայիններին» կարող են լքել նաև Մայկոնը, Սամիր Նասրին, Սքոթ Սինկլերը, Էդին Ջեկոն և Ջոն Գվիդետտին:
Ավելացնենք, որ անցած ամառ «Սիթիի» տրանսֆերային ցուցակում էին Դանիել Ագգեռը, Խավի Մարտինեսը, Դանիելե Դե Ռոսսին, Էդեն Ազարը և Ռոբին Վան Պերսին, սակայն Մանչինին բավարարվեց միայն Մատյա Նաստասիչով, Մայկոնով և Ջեք Ռոդվելով: Բոլոր 3 ֆուտբոլիստներին ձեռք բերելու համար «Սիթիին» 38 մլն ֆունտ է ծախսել: