«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ չի զղջում հարձակվող Էնդի Քերոլից բաժանվելու համար: Նա նաև խոստովանել է, որ պատրաստվում է բանակցել պաշտպան Ջեյմի Կարագերի հետ վետերանի ապագայի վերաբերյւալ:
Պրեմիեր Լիգայի վերջին երկու խաղերում «կարմիրները» չեն կարողացել գոլ խփել: Այս հանգստյան օրերին Քերոլը, ով պատկանում է «Լիվերպուլին», վերջին 7 խաղերում իր 5-րդ գնդակը խփեց «Վեստ Հեմի» կազմում: Մինչդեռ Ռոջերսը չի զղջում, որ նման հարձակվողի վարձակալությամբ հանձնել է այլ ակումբի:
-Ոչ մի անհաջողություն էլ չէ, որ Էնդին գոլեր է խփում: Պրեմիեր Լիգայում մենք արդյունավետության ցուցանիշով չորրորդն ենք: Հետևաբար, գոլերը մեզ համար խնդիր չեն: Էնդիի հետ իրավիճակը պարզ է: Նա չէր ցանկանում մնալ և նստել պահեստայինների նստարանին: Քերոլը ցանկանում էր խաղալ,- հայտնել է Ռոջերսը:
Բացի այդ, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչը հայտնել է, որ ցանկանում է սկսել բանակցությունները Կարագերի հետ, ով պատրաստվում է ամռանն ավարտել ֆուտբոլային կարիերան: Մասնագետը չի ցանկանում կորցնել նման փորձառու խաղացողի:
-Կարագերը ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Վստահ եմ, որ նա կարող է խաղալ նաև հաջորդ մրցաշրջանում: Մենք շատ ենք շփվում իրար հետ: Պետք է ասել, որ նա արդեն ինչ-որ բան է որոշել: Մրցաշրջանի մնացած հատվածում մենք ամեն դեպքում պետք է դա քննարկենք և տեսնենք, թե ինչ կլինի,- ավելացրել է մասնագետը: