Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցացիան (PFA) հայտնել է այն վեց ֆուտբոլիստների անունները, որոնք հավակնում են «Տարվա խաղացող» կոչմանը:
Այս հեղինակավոր մրցանակի տերը կորոշվի ֆուտբոլիստների քվեարկման արդյունքում: Նրա անունը հայտնի կդառնա ապրիլի վերջին Լոնդոնում անցկացվելիք հատուկ արարողության ժամանակ: Այս կոչմանն արժանանալու համար մրցում են Ռոբին վան Պերսին և Մայքլ Կարրիկը «Մանչեսթեր Յունայթեդից» Էդեն Ազարն ու Խուան Մատան «Չելսիից», Լուիս Սուարեսը «Լիվերպուլից» և Գարեթ Բեյլը «Տոտտենհեմից»:
Հիշեցնենք, որ 2012 թվականին «Տարվա խաղացող» ճանաչվեց վան Պերսին: Դրանից մեկ մրցաշրջան առաջ այդ մրցանակին արժանացավ Բեյլը: Մինչդեռ հոլանդացին և ուելսցին հիանալի մրցաշրջան են անցկացնում նաև այս տարի, որն էլ նրանց իրական հավակնորդ է դարձնում: Մամուլի կարծիքով մեծ են նաև Սուարեսի հնարավորությունները, որն այս պահին համարվում է Պրեմիեր Լիգայի լավագույն ռմբարկուն:
Բացի այդ PFA-ը հայտնել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք կմրցեն «Տարվա լավագույն երիտասարդ խաղացող» կոչման համար: Նրանք են Կրիստիան Բենտեկը «Աստոն Վիլլայից», Ռոմելու Լուկակուն «Վեստ Բրոմվիչից», Դենիել Ուելբեքը «Մանչեսթեր Յունայթեդից» և Ջեկ Ուիլշերն «Արսենալից»: