Նոր մրցաշրջանի մեկնարկին «Մանչեսթեր Սիթին» չի կարողանա օգտվել իր առաջատար Սերխիո Ագուերոյի ծառայություններից:
Հիշեցնենք, որ Ամերիկայի գավաթի խաղարկությանը «քաղաքայինները» չորս հոգանոց պատվիրակություն ուղարկեցին՝ Ագուերոն, Սաբալետան և Դեմիկելիսն՝ Արգնտինայի հավաքական, իսկ Բրազիլիայի հավաքականին միացավ Ֆերնանդինյոն:
Բոլոր չորս ֆուտբոլիստներն էլ դեռ չեն միացել թիմի մինչմրցաշրջանային նախապատրաստություններին և, «Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիի խոսքերով, թիմին չեն օգնի օգոստոսի 10-ին՝ «Վեստ Բրոմվիչի» հետ խաղում:
-Ֆուտբոլում կարևոր է շատ աշխատելը, սակայն հանգստանալն էլ իր տեղն ունի: Մենք այս մրցաշրջանում շատ խաղեր ունենք, ուստի եթե ֆուտբոլիստներին հանգստանալու համար 30 օր չտանք, ապա նրանք չեն կարողանա ցուցադրել իրենց լավագույն որակները:
Հարավամերիկացի ֆուտբոլիստների դեպքում ավելի դժվար է: Պաբլո Սաբալետան, Մարտին Դեմիկելիսը, Սերխիո Ագուերոն և Ֆերնանդինյոն իրենց մրցաշրջանն ավարտել են հուլիսի սկզբին, ուստի պետք է դեռ հանգստանան:
Նրանք մարզումներին կվերադառնան այն ժամանակ, երբ մենք վերադառնանք Մանչեսթեր: Հնարավոր է, որ նրանք բաց թողնեն մրցաշրջանի մեկնարկը, սակայն մենք կփորձենք այնպես անել, որ նրանք մեր տրամադրության տակ լինեն հնարավորինս շուտ,- ասել է Պելեգրինին: Goal