«Լիվերպուլը» շարունակում է կազմն ուժեղացնել ազատ ֆուտբոլիստի կարգավիճակ ունեցող խաղացողներով: «Կարմիրների» հերթական նորեկը դարձավ «Բոլթոնի» նախկին դարպասապահ Ադամ Բոգդանը:
27-ամյա Բոգդանը Պրեմիեր Լիգայում հանդես գալու մեծ փորձ ունի: Հունգարացի դարպասապահը «Բոլթոնի» կազմում մասնակցել է Անգլիայի բարձրագույն դիվիզիոնի հարյուրից ավելի խաղի: «Լիվերպուլի» երկրպագուները Բոգդանի խաղը կարող են հիշել Անգլիայի գավաթի վերջին խաղարկությունից, որտեղ «կարմիրների» հետ խաղում Ադամը լավ տպավորություն թողեց:
Ինչպես հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը, «Լիվերպուլն» արդեն համաձայնեցրել է Բոգդանի անձնական պայմանագիրը: «Էնֆիլդում» Ադամը կփոխարինի Բրեդ Ջոնսին, ում պայմանագիրը «կարմիրները» որոշեցին չերկարաձգել: