Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի կենտրոնական հանդիպումը տեղի կունենա «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր միմյանց կհանդիպեն առաջնության երկու առաջատարները: «Արսենալը» կհյուրընկալի «Լիվերպուլին»:
Այժմ թիմերին բաժանում է ընդամենը 2 միավոր և հաղթանակը կողմերից մեկին լուրջ առավելություն կտա: Ըստ էության կարելի է սա համարել 6 միավորի պայքար: Երկու թիմերն էլ ընթացիկ մրցաշրջանում բավական հաջող են հանդես գալիս:
«Արսենալն» առաջին տեղն է զբաղեցնում Պրեմիեր Լիգայում, իսկ Չեմպիոնների Լիգայում կիսում է առաջին տեղը Դորտմունդի «Բորուսիայի» հետ: Արսեն Վենգերի թիմը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի մեկնարկային 9 խաղերից 7-ում հաղթանակ է տարել և չի պարտվել վերջին 8 խաղերում:
Ինչ վերաբերվում է «Լիվերպուլին», ապա կարելի է վստահաբար ասել, որ Բրենդան Ռոջերսը «կարմիրներին» նոր մակարդակի է բարձրացրել: Ընթացիկ մրցաշրջանում մերսիսայդցիները լուրջ պայքար են մղում չեմպիոնության համար:
Թիմերն այս հանդիպմանն են մոտեցել հաղթանակներով: «Զինագործները» նախորդ տուրում լոնդոնյան դերբիում առավելության հասան «Կրիստալ Փելեսի» նկատմամբ, իսկ «Լիվերպուլը» 4:1 հաշվով ջախջախեց «Վեստ Բրոմվիչին»:
Ընդհանուր առմամբ անգլիական այս գերակումբները միմյանց դեմ դաշտ են դուրս եկել 213 անգամ և առավելությունը «կարմիրների» կողմն է, ովքեր հաղթել են 82 անգամ: 75 խաղում հաղթել է մայրաքաղաքը ներկայացնող ակումբը և 56 անգամ թիմերը միավոր են կիսել:
Խաղը տեղի կունենա նոյեմբերի 2-ին, Երևանի ժամանակով 21:30-ին:
Մեր կանխատեսումը՝ 1:2: