«Ֆուլհեմի» նկատմամբ կամային հաղթանակ տանելուց հետո (2:3), «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտնել է, որ իր թիմը մտադիր է պայքարել չեմպիոնական տիտղոսի համար:
Նախորդ տուրում «Օլդ Թրաֆորդում» միավոր վաստակելուց հետո «Ֆուլհեմը» արժանի պայքար մղեց «կարմիրների» դեմ և շատ մոտ էր ոչ ոքի արդյունքին, սակայն վերջին րոպեին մրցավարը լոնդոնցիներին 11 մետրանոցով պատժեց, որն էլ անվրեպ իրացրեց Սթիվեն Ջերարդը: Այդ հաղթանակի շնորհիվ «Լիվերպուլը» պահպանեց 4-րդ հորիզոնականը՝ միաժամանակ կրճատելով միավորների տարբերությունը առաջատար «Չելսիից»:
-Մենք գիտեինք, որ կարևոր խաղ է լինելու: Ես ֆուտբոլիստներին ասել էի, որ Չեմպիոնների Լիգայում լինում են սրա նման խաղեր: Երբ դու խաղում ես մի թիմի դեմ, որն ամբողջ ուժով պայքարում է առաջնությունում մնալու համար:
Հանգստյան օրերի հիանալի խաղից հետո մենք կարողացան այս անգամ էլ երեք միավոր վաստակել: Սա ցույց է տալիս, որ թիմը պատրաստ է ամեն ինչին: Մենք գիտենք, որ դեռ պետք է խաղանք «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» դեմ և պատրաստ ենք դրան,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: